«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Էքստրիմի երկիր, Հայաստանս

Էքստրիմի երկիր, Հայաստանս
23.06.2026 | 13:01

Ջրային, օդային, ցամաքային, լեռնային և տուրիզմի տարաբնույթ տեսակների մեջ աշխարհում առաջնությունը խլել, մոդայիկ-տիրապետող է դարձել էկզոտիկ, ակտիվ ու ագրեսիվ նոր զբոսաշրջաձև՝ էքստրեմալը: Դրա սիրահարները հավաստում են, որ սիրահարների մոտ նույնիսկ այնքան ադրենալին չի գոյանում անհաս ու անհույս սիրո փնտրտուքում, որքան էքստրեմալի դեպքում: Մարդու հոգում, մարմնում և մկաններում այնքան է կուտակվում (հայերեն՝ ակումուլացվում) էն կենսաշիթ ադրենալինը, որ եթե բախտդ բերի ու գործողությունների շղթայում կյանքդ չընդհատվի, մինչև կյանքիդ վերջին օրերն այն կբավականացնի: Ավելցուկն էլ բաժին կհանես ընկեր-բարեկամներիդ, լավդ ցանկացող մնացյալներին:

Վիքիպեդիայում գրված է՝ էքստրեմալ տուրիզմի սիրահարները լավ գիտեն, որ ամեն նոր փորձ կարող է վատ վերջաբան ունենալ: Այնուամենայնիվ, ադրենալինոտվելու ցանկությունը, որ ավելի բուռն է, անդիմադրելի, նրանց մղում է խելահեղ նետվել վտանգների գիրկը, մահվան երախից կորզել սարսափազդու զգացողություններ, որ մինչ այդ իզուր թափառում էին օդում, ջրում և ցամաքում: Իրենց գիտակ համարողները վստահ են՝ Հայաստանն աներևակայելի մեծ հնարավորություններ ունի այդ տիպի տուրիզմի զարգացման ուղղությունում:

ԱՄՆ Նացիոնալ Գեոգրաֆիկ ընկերությունն է պարզել, որ մենք՝ մեր ունեցած հնարավորություններով, երրորդն ենք աշխարհի այդ գծով զարգացած երկրների շարքում: Հաջորդ պահին ասես մոռանալով՝ նոր տեղեկություն է հրամցնում էդ Գեոգրաֆիկ կոչեցյալը, իբր Հայաստանում էքստրեմալ տուրիզմը նոր-նոր է զարգանում: Լսեք մի անգամ էլ՝ նոր-նոր է զարգանում:

Համա թե գլխացավ կգցեն, հա՜:

Հայերեն խոսքով կասկածենք՝ մտքի սահմանափակություն և աչքի կուրություն՝ միաժամանակ: Ռուսերեն՝ կակո՜յ չու՜շ:

Այլ լեզուներով՝ աբսուրդ:

Արի ու տես, որ այդ չուշը, աբսուրդը հաստատում են նաև մերոնք՝ էքստրիմի առաջամարտիկ, էքստրիմի մեջ ոտքով-գլխով թաղված-թաթախված մեր հայրենակիցները: Մի՞թե հատուկ ակնոցներ է հարկավոր տեսնելու, որ հարգապատվարժան էքստրիմն իր ողջ ծավալով ծանրակշիռ ու հաստատուն տեղ է գրավել մեր փոքրիկ երկրում, հարաճուն զարգացել ու զարգանում է բազում տարիներ ի վեր: Համենայն դեպս, վերջին 30-31տարիներին՝ տիեզերական արագությամբ: Վագրային թռիչքներով:

Եվ շարունակում է անվեհեր թռիչքը: Անմիտ բան է, որ մենք ինքներս ենք հեղինակում նման անհեթեթ հակագովազդ:

Չի կարելի, բարեկամներս: Անմտություն ու ապատեղեկատվություն են նման քարոզները: Ի՜նչ դայվինգ, սերֆինգ, վինդսերֆինգ, ռաֆթինգ, ալպինիզմ ու սնոուբորդինգ, բեյս ջամփինգ և սքայսերֆինգ, ջունգլիներում արշավ ու քարանձարշավ, ջայլո տուրիզմ ու տիեզերարշավ, այլ-այլ բաներ՝ հիշատակված զիզի-բիզի արշավների շղթայում, երբ այս ամենը համատեղ մի պճեղն էլ չարժեն մեր մոգոնած էքստրիմների ահասարսուռ հնարքների շղթայում:

Ահա ինչու ես հույս ունեմ, որ մի օր կարթնանաք և աշխարհի առջև կկանգնենք (թեև այժմ էլ կանգնած ենք) մեր ներուժի ողջ հասակով: Որովհետև մեր երևակայության թռիչքին սահման չկա, որովհետև ազգովի ենք լծված-մխրճված աշխարհ ցնցող էքստրիմ զարգացումներում:

Որովհետև աշխարհի ժողովուրդները տուրիզմում են (զբոսարշավում են) այլ երկրներ՝ տեսնելու, ճանաչելու համար, մենք էստեղ, մենք՝ մեր երկրում, ապրում ենք որպես իսկական տուրիստներ, ապրում միայն տուրիստի հոգեբանությամբ: Էքստրիմի մեր ունեցած տեսակն ուրի՜շ է, ուրիշ: Այն նորահայտ է, նորաոճ է, զարմանալի-զարմանահրաշ է, և նման բան աշխարհը չի տեսնի շատուշատ դարեր: Այն էքստրիմի հայ տեսակն է, հայկական տարբերակը, միով բանիվ, ավելի լավ է հիմնավոր անունով կոչենք՝ ՀԱՅ-ԷՔՍՏՐԻՄ:

Հայ-էքստրիմը վայելելու համար բոլորովին էլ հարկ չկա չարչարվել ընկնելու ինչ-որ կիլիմանջարոներ ու էլբրուսներ, մեռած կանյոններ, օձառատ ավազուտներ ու անմարդաբնակ վայրեր, մութ կածաններ ու գարշահոտ ճահիճներ: Ընդամենը հարկավոր է այցելել Էքստրիմի երկիր Հայաստան, տեղավորվել ցանկացած քաղաքի, գյուղի որևէ հյուրանոցում, հանգրվանում և սպասել: ՈՒ էքստրիմների հեղեղ ձեր գլխին կթափվի հաջորդող րոպեներին իսկ: Հենց հյուրանոցում: Թե բախտդ բերեց բաղնիքում ցնցուղը տեղից պոկվեց, իսկ որ կպոկվի՝ հաշվիր գրպանումդ է, ուղիղ հենց գլխամիջումդ կիջնի այնպիսի թափով, որ կցնցվես առաջին ցնցող էքստրիմից: Քո բախտը չբերի՝ ընկերոջդ բախտը կբերի: Պակասը կլրացնի տաք ջրի պակասը: Ավելի ճիշտ՝ բացակայությունը: Էլ ինչու ես փափագում հեռավոր լեռնային գետի սառնորակ ջրերում թաթախվել, երբ առանց ավելորդ ճիգուջանքի հենց տեղում ևեթ տղմոտ, սառնաշունչ ջրերի տենչալի գգվանքի մեջ ես հայտնվում ակնթարթորեն: Իսկ եթե ցանկացար մեծ կամ փոքր կարիքներդ բավարարելու համար բախել զուգարանի դուռը…

ՈՒ թե բացվեց: Թե բացվեց ու միանգամից չխեղդվեցիր թունավոր հոտից, ուրեմն փառահեղ, անմոռանալի մի էքստրիմ էլ ապրեցիր քո կարճատև, անցողիկ կյանքում: Ամեն դեպքում, մի երանելի էքստրիմ էլ կապրես գլուխ բարձրացնող անտանելի ցավից՝ դատարկվելու հոգսով և դատարկվելու տեղ փնտրելով:

Վերջապես կգտնե՜ս: Դու էլ մեզ նման հնարամիտ կդառնա՜ս: Մենք շենքերում դեռ պահպանվող հիշատակներ՝ վերելակներ, ունենք: Խնդրեմ: Դուռը բախիր: Թե բացվեց… Թե որ ճոպանները չկտրվեն ու դու մեկեն անդունդի հատակում չհայտնվես, ուրեմն բախտդ այս անգամ հաստատ չբերեց: Դա կլինի միակ անգամը: Մնացած բոլոր դեպքերում բախտդ կբերի, եթե անգամ դու էքստրիմի ման չգաս: Էստեղերանք էքստրիմը ամենքին է գտնում ու ընդառաջ վազում:

Պա՞րզ է, իմ էքստրիմասեր անծանոթ բարեկամ: Համարձակ փողոց ելիր, բնակավայրում դեռ ծառ ու թփեր կան, քոլապատ բակեր կան, մի քոլ գտիր, տակը մտիր: Շտապիր, քանի շները վրա չեն տվել: Կամ ինչո՞ւ շտապել: Գուցե մի քած շան քո քիթմռութը դուր չգա ու սկսի կաղկանձելով հաչել, կանչել թաղի շներին, որոնք համարձակություն կառնեն (ո՜նց թե մեր քրոջը նեղացնում ա՜) ու կհարձակվե՜ն…

Դե, շուտ, քեզ փրկիր, թե որ կարող ես: Արկած էիր ուզում՝ մեզ մոտ շներն անգամ կմատուցեն: Իսկ դու գուցե մարդկանց մատուցած էքստրի՞մն ես ուզում: Խնդրեմ, համբերիր մի փոքր էլ: Դեռ մի քիչ հմայվիր քաղաքի, գյուղի ճարտարապետական կոթողներով, նման կառույցներ քո օրում տեսած չես լինի: Ոչինչ, որ առաջին պահ դու հաստատ գլուխ չես հանի, բայց համառորեն նախ ակնդիտիր, հետո վերլուծություններ ու եզրահանգումներ կանես երբ քո երկիրը հասնես: Եթե հասնես…: Փողոցներում շարվեշարան, իրար կողքի, իրար գլխի, իրար կպած, իրար հրող, արհամարհող խանութ-տնակներ, խանութ-քողտիկներ, անմիտ ու անհասկանալի կառույցներ կտեսնես անգույն, գունավոր, չզանազանվող գույների, թիթեղե, փայտե, կիսաքարե ու կիսակրաքարե, տանիքով, անտանիք,կառուցված, կիսակառույց:

Արանք արա, մի քիչ էլ կեղտոտվիր, զգույշ անցիր, նոր կառույցներին քսմսվելով անցիր, ոչինչ, եթե մի կիսակառույցից մի թիթեղ, կամ տանիքն ամբողջությամբ կարոտ գլխիդ ընկավ, կամ պատը վրադ փլվեց, հերն անիծած՝ կդիմանաս, դրա համար չե՞ս եկել: Անհարթություններում, ջրափոսերում թեքումեք արա ու փիքր արա, թե էս շինարար ազգը, բաց երկնքի տակ կոթողների թանգարան ստեղծած ազգը, առանց բուքմեյքերական գրասենյակների օգնության էս ինչ աներևակայելի բարձունքների է հասցրել էդ խեղճուկրակ ճարտարապետություն կոչվածը, իմպրեսիոնիզմի ու կուբիզմի, այլ իզմերի ինչպիսի համախումբ է ներարկել պարզագույն շինարարությանը: Տես, հա, մեկ էլ քողտիկ-տնակների լաբիրինթոսում, դա կլինի փողոցի մեջտեղ, թե մայթի նմանվող ինչ-որ տեղ, նշանակություն չունի, կհանդիպես անցորդների ճանապարհը փակած մի խումբ դարդիման ջահելների՝ թրաշով, անթրաշ, ձեռքներին գարեջուր, դնչներին ծխախոտ, գրպաններում՝ ներարկիչ, չորացած ձուկ ու արևածաղկի սերմ չրթոտելիս: Չվրիպես, պահը ձեռքիցդ բաց չթողնես: Ասենք՝ էս ի՞նչ եմ ասում: Դու վրիպես՝ իրենք վրիպողը չեն: ՈՒ արևածաղկի կճեպների, ձկան փշերի, ծխի շիթերի մեջ թե որ քեզ չթաղեն, մեկ է՝ գարեջրի դատարկ շիշը գլխիդ կես տեղում կփշրեն: Հետո՝ քեզ ոտքերի տակ կառնեն ու քյուֆթա կսարքեն: Էքստրիմ է, բարեկամս, եկել ես, ստանում ես, դիմացիր: Դա դեռ վերջը չէ, անելիք էլի ունես: Այդքանից հետո երբ հասնում ես քո երկիր (եթե հասնում ես), երդվիր, որ մեր երկրի փորձը քո երկրում գովազդելու ու տարածելու ես: Բայց մինչ արյունաներկման պատմական իրադարձությունը, քեզ հետ մի հրաշալի անակնկալ էլ կարող է պատահել, որը մտքիդ ծայրով չի անցնի: Այսպես, ուրեմն, գնում ես մեր մայթ կոչվող տարածքներով: Զգույշ եղար՝ էքստրիմ չի կպչի: Բաց թող քեզ, շնչիր ազատ, ու մեր սահադաշտ մայթերը, կապտամանուշակագույն սառցաշերտերով պատված, քեզ իրենց գիրկը սիրով կառնեն: Մեզանում վաղուց մայթերը հենց էքստրիմի համար գոյություն ունեն, չեն մաքրվում: Ծանր ենք տանում, որ մի օր էլ գարուն կգա, արև կանի, մեր սառցադաշտերը կսրբի-կտանի: Սառույցը ձեզ սիրով գրկախառվեց, ընկաք, կոտրեցիք քիթը, երկու ող, երեք ատամ, կես երիկամ: Հասցրին հիվանդանոց: Դա չի նշանակում, թե հիվանդանոցում էլ քեզ գրկաբաց կընդունեն, ինչպես սառույցը: Դու դրամ չունես: Չմոռանանք՝ քո դրամապանակը մեր բաշարող տղերքը ճամպրուկների հետ վաղուց են «տեղավորել»: Բժիշկները մոտ չեն գա՝ մինչև չմուծվես: Մեզանում որևէ բժշկի հենց միայն տեսնելու համար հարկ է վճարել: Ոչինչ, եղբայրս, էքստրիմ էիր ուզում: Խնդրեմ, ստացար: Կդիմանաս ցավերին: Ասենք, դրանք ցավեր էլ չեն։ Քեզ նման արի էքստրիմի սիրահարի համար, ընդամենը՝ խտղտոցներ:

Մեր բժիշկները սկզբում միայն մի բանով կօգնեն քեզ անհապաղ՝ որ երկրում էլ որ լինեն քո բարեկամները, նրանց կտեղեկացնեն «հաջող» պատահարի մասին: Բարեկամներդ կժամանեն, «կմուծվեն», ու նոր միայն մեր հարեհաս բուժանձնակազմերն անհապաղ հրատապ օգնություն կցուցաբերեն հրապարակայնորեն: Քանի փող ունես, կմնաս հիվանդանոցում, վերջացավ՝ դուրս կգրեն հիվանդանոցից: Մի դադարեցրու զբոսանքներդ: Այցելիր թեկուզ մեր գետափեր, արհեստական լճակներ, զբոսայգիներ, քաղաքամերձ անտառներ: Ամենուր՝ Ձեզ ընդառաջ կգա Ձեր երազանքը: Մի մարդառատ տեղ հաստաբուն ծառն են սղոցում՝ դուքան-խանութ կառուցելու տեղ բացելու համար: Բախտդ բերեց՝ գլխիդ կընկնի: Գետերում, տես, հզոր տրակտորով հունն են մաքրում: Ոչինչ չի հաջողվում. տարբեր մակնիշների ավտոմեքենաների կմախքները, հին հեռուստացույցները, կենցաղային զանազան իրեր, լի ու դատարկ շշեր, զանազան աղբուաղտեղություններ խցանել են ջրի անխափան հոսքը: Իսկ մղանը անզոր է, գործն առաջ չի տանում: ՈՒ մինչ դու կհասցնես գետի իրերից լիարժեք պատկերացում կազմել մեր ժողովրդի հինունոր կենցաղի մասին, եթե բախտդ բերեց տեղատարափ կտեղա, հեղեղ կբարձրանա, գետերը հունը կփոխեն՝ փողոցներով կհոսեն, ու… Թե տղամարդ ես՝փրկվիր: Այլապես հարևան երկրում կհայտնվես: Իսկ հարևան երկում մեր էքստրիմը չկա՜: Մերն ուրի՜շ է: Կկարոտես՝ հետ արի: Գալուդ պատվին արև կելնի: ՈՒ դու կծանոթանաս էքստրիմի՝ միայն մեր երկրում տեղ գտած ու զարգացող մի նոր տեսակին՝ հոգեբանական էքստրիմին: Ամենուր մեքենաներից ոռնացող ազդանշանները ականջներդ կծակեն, կայծակնահար կանեն, ոտքդ մի փոքր առաջ գցեցիր՝ չեն ալարի, մեքենաներից կիջնեն ու գոնե հայհոյանքների տարափով խելքդ գլուխդ կբերեն, խաղասեղաններից նարդու զառեր կթռչեն վրադ, թե բախտդ բերեց՝ մի շքեղ նարդի կջախջախի որևէ տեղդ, ագռավները վերից կկռկռան, ու էլի թե բախտդ բերեց՝ մի մեծ ոսկոր կընկնի գլխիդ, թե չբերեց՝ ընկույզը կա ու կա, կծանոթանաս գետնատարած առևտրի հետ, գնումներ կանես ու, խնդրեմ էքստրիմը, բախտդ բերում է՝ ցեխի, աղբուաղտեղության մեջ վաճառվող ապրանքը անվտանգ չի լինում: Տեսնո՞ւմ ես, Էստեղ մենք ոնց ենք առանց լրացուցիչ ծախսերի քաղաք կեղտոտում, ագռավ, շունուկատու, կրծողներ աճեցնում: Քայլիր մեր երեք լճերում: Երկուսը գրեթե մեռած են, կիսաշնչում են իրենց հավեսին հանդարտ հոսող գլխավոր կոյուղու կեղտաջրերով, երրորդն էլ հոգին ավանդելու վրա է. կառուցման օրից չի մաքրվել, ճահճանում է: Ճահիճները օծանելիք չեն բուրում: Մահասփյուռ է նրանց գարշահոտը, պակասն էլ լրացնում են զանազան տիպի կրծողները, արյունածուծ, թունավոր, թռչող միջատները: Ամենուր՝ բակերում ու պուրակներում, տնամերձ այգիներում, գետափերին ու կրպակների հարևանությամբ կրակներ են ծխարձակում: Վառում ենք ինչ ձեռքներս է ընկնում՝ տերև ու թուղթ, աղբուաղտեղություն, ցելոֆան, շշեր, հին հագուստեղեն, կոշիկներ, ամեն-ամեն ինչ, ինչ վառվում է, ինչ չի վառվում: Վառում ենք, ծուխ արտադրում ու ջիգյարով շնչում: Ասա, դեռ քայլել, ծուխումուխը շնչե՞լ ես ուզում, թե՞ փախչել-փրկվել: Թե հասցնես փախչել ու մաքուր օդ շնչել ուզես՝ մի տեղ հուշեմ, գնա՝ կուշտուկուռ շնչիր, հանգստացիր: Ձեզ սպասարկող տուրիստական ընկերությունից մի վրան խնդրիր ու մոտիկ մի լանջի վրա այն խփիր: Մի մտահոգվիր, թե աստղազարդ գիշերին ինչպես ես աստղերի շարժն ուսումնասիրելու: Մեկ է, եթե վրանը ծակ էլ չունենա, աստղերի ուսումնասիրությամբ զբաղվելու հնարավորությունից դու չես զրկվի, իմ ազնիվ բարեկամ: Առավոտյան կնկատես, որ ոչ միայն վրանի անցքը չկա, այլ վրանն ինքը չկա: Տարել են, հնարավորությունը լիուլի տվել են, որ դու, մինչև լիարժեք եզրակացությունների հանգելը, աստղերի հեքիաթային շարժն ուսումնասիրես:

Էլի՞ էքստրիմ: Ախր անհատնելի է: Երբեմն շուչդ կկտրվի, կթվա՝ էս է՝ սիրտդ կանգ է առնում, ուզում ես օգնությու՜ն կանչել, հուսալով, թե որևէ քաղաքացի, ոստիկանից-բանից, կշտապեն հայկական էքստրիմից փրկելու: Գոնե ժամանակավորապես: Իզու՜ր, մի սպասիր, օգնության քեզ ոչ ոք չի հասնի: Մենք հենց նրա համար ենք միայն ճգնում, որ ամեն սիրողի էքստրիմոտվելու հնարավորություն ընձեռենք, այլ ոչ թե էքստրիմի փայփայանքից ազատենք:

Ավելի լավ է՝ դուք համեցեք ու դուք հայտնաբերեք ձեր ուզած էքստրիմը, որ մեզանում ամենուր է ու բազմաբղետ, կարևորը՝ ամենակնթարթյա: Այնքան, որ մեր գերզգայուն բանաստեղծը՝ Արևի երկիր գովերգող պոետը, եթե կենդանի լիներ, մի երգ էլ Էքստրիմի երկիր Հայաստան աշխարհին կձոներ: Էնպես որ՝ էքստրիմի սիրահարներ, չարժե տիեզերական էքստրիմի համար 20 մլն դոլար ծախսել, կամ ժայռամագլցում, կիրճագնացություն անել: Մեզ նման ծախսեր, նյութատեխնիկական բազա հարկավոր չեն, ավելորդ միջոցներ չունենք, որ շռայլենք: Մենք ազգովի ունենք համատեղ աշխատելու միասնական կարևոր ոլորտ, միասնական ջանք ու միասնական համառություն՝ ազգովի էքստրեմալն ենք զարգացնում: Խնդրում ենք, հասեք մեր երկիր (միայն հասեք, եթե վտանգվելու, մեռնելու մասին չեք մտահոգվի) և էքստրիմի քարաբաղնիսներն ստացեք անսահմանափակ քանակով: Գլխավորը՝ ան-վը -ճա՜ր:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ